Մեկնարկել է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%b8%d5%ac%d5%ac%d5%ab%d5%a6%d5%ab%d5%b8%d5%b6-%d5%a3%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82-%d5%b0%d6%80%d5%a1%d5%a2%d5%ad%d5%a1%d5%af/

Սեպտեմբերի 4-8-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Կոլլիզիոն գոտու հրաբխականությունը և առնչվող վտանգները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Թայվանից, Թուրքիայից, Իտալիայից, Իրանից, Կոլումբիայից, Կոստա Ռիկայից, Հայաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Սաուդիան Արաբիայից, Ֆրանսիայից։

Գիտաժողովը համախմբել է գիտնականների, ովքեր կատարում են հետազոտություններ՝

1․ հրաբխագիտության,

2․հրաբխային վտանգների,

3․պետրոլոգիայի,

4․երկրաքիմիայի,

5․հրաբխային սեյսմոլոգիայի,

6․շրջակա միջավայրի վրա հրաբխականության ազդեցության,

7․երկրաջերմային էներգիայի և հարակից այլ ոլորտներում:

«Մեր ժամանակներում բախվում ենք տարբեր մարտահրավերների հետ, ինչպիսիք են Covid-19-ը և պատերազմներն աշխարհի տարբեր մասերում։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում գիտնականները, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել ժողովուրդների համախմբման գործում։ Նման գիտաժողովները մեծ նշանակություն ունեն հատկապես հայ ժողովրդի համար, որը հայտնվել է ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և հույս հայտնեց, որ գիտաժողովի աշխատանքները հաջողություն կունենան և կնպաստեն միջազգային համագործակցությանն այս ոլորտում․ «Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք և տպավորիչ դաշտային ճամփորդություններ», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշեց, որ գիտաժողովի անցկացման գաղափարն առաջացել է դեռ 2010 թվականին, երբ ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը Հայաստանում դաշտային աշխատանքների ժամանակ տեսավ Արագածի խառնարանը․ «Այսօր այստեղ են շատ անվանի գիտնականներ և երիտասարդ գիտնականներ։  Սա շատ լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու և նոր նախագծեր ու համագործակցություն քննարկելու համար: Վստահ եմ, որ մեր գիտաժողովը կնպաստի այս ոլորտում միջազգային համագործակցությանը», – ասաց Խաչատուր Մելիքսեթյանն ու անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայունությանը հավելեց․ «Ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 120000 մարդ 9 ամիս գտնվում է շրջափակման մեջ և ունի սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի ու վառելիքի կարիք։ Գիտությունը պետք է վեր լինի քաղաքականությունից, և մեր բախտը բերել է, որ կարող ենք միմյանց հետ շփվել համաշխարհային գիտական լեզվով»։

Պլենար նստաշրջանում գիտական զեկուցումներով հանդես եկան Մեծ Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Պիրսը, Գերմանիայի Լյուդվիգ-Մաքսիմիլիանս-Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Դինգվոլը, ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Չակ Քոնորը, Նոր Զելանդիայի Մեսիի համալսարանի պրոֆեսոր Կարոլի Նեմեթը, Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի դոկտոր Իվան Սավովը, ԱՄՆ Լիհայ համալսարանի պրոֆեսոր Դորք Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

Գիտաժողովը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հրաբխագիտության ու Երկրի ընդերքի քիմիայի միջազգային ասոցիացիայի (IAVCEI) հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։