Անկախ նրանից, թե որքան եք սիրում արևի տակ անցկացնել, միշտ հիշե՛ք, որ դրա լույսը որոշակի վտանգ է պարունակում։ Հատկապես երեխաներին անհրաժեշտ է պաշտպանություն արևի կիզիչ ճառագայթներից, քանի որ նրանք ավելի զգայուն են դրանց ազդեցության նկատմամբ, քան մյուսները:
Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Սիմոնյանը նշում է, որ արևային այրվածքը, ինչպես սովորական արևայրուքը, մաշկի վրա թողնում է կարմիր, տաք և ցավոտ հետքեր, իսկ ծանր դեպքերում կարող են առաջանալ բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ և ընդհանուր թուլություն:
Երեխաների մոտ արևային այրվածքի նշանները սովորաբար ի հայտ են գալիս արևի տակ մնալուց 6-12 ժամ հետո և առավելագույն անհարմարություն են առաջացնում առաջին մեկ օրվա ընթացքում: Եթե այրվածքը կարմիր է, տաք, ցավոտ, բայց ոչ ավելին, կարող եք ինքներդ այն մշակել՝ օգտագործելով սառը կոմպրեսներ կամ լողացնելով երեխային սառը ջրով։ Դուք կարող եք նրան ցավազրկող դեղամիջոց տալ՝ անհանգստությունը թեթևացնելու համար, բայց համոզվե՛ք, որ դեղամիջոցը և դեղաչափը համապատասխանում են երեխայի տարիքին և քաշին:
Բժիշկ-գիտնականն ընդգծում է, որ եթե այրվածքն առաջացնում է բշտիկներ, ջերմություն, դող, գլխացավ կամ ընդհանուր թուլության զգացողություն, անպայման դիմե՛ք ձեր մանկաբույժին:
Երեխայի մոտ ծանր արևային այրվածքը պետք է մշակել այնպես, ինչպես ցանկացած այլ ծանր այրվածք: Իսկ եթե դրանք ծավալուն են, ապա նույնիսկ հոսպիտալացում է անհրաժեշտ, քանի որ բշտիկների միջով վարակը կարող է թափանցել, և ավելի լուրջ հակաբիոտիկ բուժում կպահանջվի։
Երբեմն ուժեղ արևային այրվածքը հանգեցնում է ջրազրկման կամ ուշագնացության, որն այս դեպքում կոչվում է ջերմային հարված։ Այս դեպքում անհրաժեշտ է նաև դիմել շտապօգնության:
Արևային այրվածքից խուսափելու խորհուրդներ․
1․Ժամը 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում աշխատե՛ք երեխային զերծ պահել արևից, քանի որ այդ ժամանակ ուլտրամանուշակագույն ճառագայթներն իրենց գագաթնակետին են հասնում:
2․ Միշտ օգտագործե՛ք արևապաշտպան քսուք, որն արգելափակում է արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը: Ընտրե՛ք արտադրանք, որը նախատեսված է հատուկ երեխաների համար, որոնց արևապաշտպան գործակիցը առնվազն 35 է: Քսուքը քսեք արևի տակ մնալուց 15 րոպե առաջ:
3․Նկատի ունեցե՛ք, որ չկա ոչ մի արևապաշտպան քսուք, որը չլվացվի ջրով, անկախ նրանից, թե ինչ է ասում գովազդը։ Հետևաբար երեխայի լողալուց հետո դուք պետք է կրկին քսեք քսուքը: Եթե երեխան ժամանակ չի անցկացնում ջրի մեջ, ապա պաշտպանիչ շերտը պետք է թարմացնել յուրաքանչյուր մեկուկես-երկու ժամը մեկ։
4․Երբ դուրս եք գալիս արևի տակ, ձեր երեխային հագցրե՛ք բնական նյութերից պատրաստված թեթև հագուստ: Շատ ցանկալի են երկար թևերն ու երկար տաբատները։ Լողափին օգտագործե՛ք ծովափնյա հովանոց, որպեսզի երեխան ստվերում լինի։ Երեխան պետք է ունենա և կրի գլխարկ, գերադասելի է՝ լայն եզրերով պանամա:
5․Մինչեւ 6 ամսական երեխաներին պետք է հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե դուք այնպիսի իրավիճակում եք, երբ երեխային պաշտպանող ստվեր կամ հագուստ չկա, օգտագործե՛ք արևապաշտպան քսուք, հատկապես՝ երեխայի մարմնի բաց հատվածներում:
6․Հիշե՛ք, որ արևը երեխաներին վնասում է ոչ միայն այրվածքներով․ դրա ավելորդ ազդեցության հետևանքները կուտակվում են տարիների ընթացքում, և երկար տարիներ անց առաջանում են կնճիռներ, պեպեններ, տարիքային բծեր, և նույնիսկ շատ հասուն տարիքում արևային այրվածքները կարող են դառնալ մաշկի քաղցկեղի զարգացման խթան։
7․Նաև տեղյակ եղե՛ք, որ որոշ դեղեր և բժշկական գործընթացներ կարող են մեծացնել ձեր զգայունությունը արևի լույսի նկատմամբ:
Առողջություն ձեզ և ձեր երեխաներին:
Թողնել մեկնաբանություն