Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է․ COP15 նախագահ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%b8%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%a3%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b9%d5%a5%d5%a6/

«Անապատացումը, հողերի դեգրադացումը և երաշտը մեր ժամանակի բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից են, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի, հասարակության և տնտեսության վրա: Ամբողջ աշխարհում հողատարածքների մինչև 40%-ն արդեն համարվում է դեգրադացված»,- հողերի դեգրադացման և Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում տեղի ունեցած «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նախարարի դիտարկմամբ, աշխարհագրական դիրքով և բնակլիմայական առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնում կլիմայի փոփոխության ազդեցությունից․ «Գլոբալ տաքացումը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նպաստում է անապատացման  և երաշտային երևույթների ինտեսիվացմանը` հանգեցնելով հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի, ինչն էլ իր հերթին ավելի խոցելի է դարձնում հասարակությանը` պարենային անվտանգության և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից»,- իր ելույթում նշեց նախարարը:

Անդրադառնալով օրվա խորագրին` «Միավորված` հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է», նախարարը հորդորեց հիշել, որ հողն այսօր մեզ համար պարզապես ռեսուրս չէ, այլ ժառանգություն, որը պետք է պաշտպանենք և պահպանենք ապագա սերունդների համար. «Մեր պարտականությունն է ջանքեր գործադրել, որ հողը մնա բերրի` ապահովելով կայունություն բոլոր էկոհամակարգերի համար: Ես հորդորում եմ պետական պաշտոնյաներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, գիտական հանրույթին` միավորվել, խորացնել համագործակցությունը` անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար: Մենք պետք է միասին աշխատենք հողերի կայուն կառավարում իրականացնելու, անտառվերականգնման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև հողերի պահպանման կարևորության մասին իրազեկման բարձրացման ուղղությամբ»,– հորդորեց նախարար Հ․Սիմիդյանը։

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահինին ասաց, որ Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքության հասնելը կարևոր քայլ է մեր քաղաքացիների, մեր տնտեսության և մեր շրջակա միջավայրի համար կայուն ապագա ապահովելու ուղղությամբ․ «Կոչ եմ անում բոլորիդ միանալ մեզ՝ այս կենսական գործընթացում, կիսել Ձեր փորձը, ռեսուրսները, գաղափարները և միասին աշխատել` հասնելու հողերի դեգրադացիայի չեզոքությանը մինչև 2030 թվականը: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք վերականգնել մեր դեգրադացված հողերը, պաշտպանել մեր էկոհամակարգերը և ապահովել կայուն ապագա գալիք սերունդների համար»:

Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը ներկայացրել է «Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի» իրականացման ընթացքը Հայաստանում: Հանդիպմանը նաև ներկայացվեց Հայաստանում հողերի մոնիթորինգի գործընթացը:

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյուղատնտեսության ապագան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։