Իտալիայի Բրեշիա քաղաքում կայացել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության մեկդարյա գործունեությունն ամփոփող միջոցառումը, որը հյուրընկալել է աշխարհի 20 երկրներ ներկայացնող նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։
Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները՝ ևս մեկ անգամ միաձայն կարևորելով գինու նշանակությունը՝ որպես մշակութային արժեք։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Հայաստանի կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ ճանաչված գինեգործության ոլորտը վերածնունդ է ապրում՝ տարեցտարի ներգրավելով ավելի շատ ներդրումներ։ Ոգեշնչված հազարամյա գինեգործական ավանդույթներով և դրանք ամրացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ու գիտական ներուժով՝ այսօր մենք արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինիներ»,- իր ելույթում ընդգծել է Զարուհի Մուրադյանն ու հավելել․ «Հայկական գինու արտադրության ծավալն առաջին հայացքից կարող է փոքր թվալ, բայց որպես նորից վերածնվող ոլորտ, կարծում եմ, բավականին լավ դիրքերում ենք՝ հատկապես հաշվի առնելով մեր գինիների մրցունակ որակը։ Համոզված եմ՝ լսել եք նաև լեգենդար հայկական կոնյակի մասին։ 1980-ական թթ-ին Հայաստանն ապահովում էր ամբողջ Խորհրդային Միության կոնյակի 25%-ը և գինիների 3%-ը։ Գինին մեր պատմության անբաժան մասն է, դրա վկայություններն ամենուր են՝ զարդաքանդակներում, ծիսական արարողակարգերում և առօրյայում։ Ուստի չվերադառնալ գինու գերակայության աշխարհ, մենք, իհարկե, չէինք կարող»։
Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը (OIV) միջկառավարական կազմակերպություն է՝ համաշխարհային ոլորտին գիտական և տեխնիկական աջակցության առաքելությամբ։ OIV-ն այսօր ունի խաղող ու գինի արտադրող և սպառող 50 անդամ երկրներ․ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2014 թվականից։ Տարին երկու անգամ ավելի քան 500 փորձագետները միասին աշխատում են՝ գնահատում, քննարկում և որոշումներ կայացնում համաշխարհային խաղողագործության և գինեգործության ոլորտի համար՝ մշակելով օրենքի նախագծեր և տեխնիկական կանոնակարգեր։
Իսկ ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն