Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, կազմակերպում են ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ:
Աշխարհի խոշոր քաղաքներում բնակչությանն առաջարկվում է մեկ ժամով անջատել էլեկտրասարքավորումները և լուսավորությունը: Դա խորհրդանշական ակցիա է, որը մարդկանց հնարավորություն է տալիս պատկերացնել այն իրավիճակը, որում կարող է հայտնվել մարդկությունը, եթե ժամանակին չլուծվի էներգետիկ խնդիրը:
Տոնի հիմնական նպատակն է՝ երկրների կառավարությունների և հասարակության ուշադրությունը գրավել էներգետիկ պաշարների և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:
Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Էներգիան ամենից հաճախ ստացվում է հանածո վառելիքի այրման արդյունքում, որը վնասում է շրջակա միջավայրը, չվերականգնվող բնական ռեսուրսները սպառվում են, իսկ այրվելիս թունավոր նյութեր են արտանետվում օդ: Ուստի շատ կարևոր է էներգիան արդյունավետ օգտագործել և ձգտել այն խնայելուն։
Դրա համար անհրաժեշտ է՝
1․ սենյակից դուրս գալուց անջատեք լույսը, քանի որ էլեկտրաէներգիայի 30%-ը ծախսվում է դատարկ տարածքներ լուսավորելու համար,
2․ տեխնիկան մի թողեք «sleep» ռեժիմում, այն չի օգտագործում, սակայն էլեկտրաէներգիայի սպառումը շարունակվում է,
3․ լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք, ցնցուղը 10-20 անգամ ավելի քիչ ջուր է ծախսում,
4․ հեռախոսը լարից անջատելիս` միացրած մի թողեք լիցքավորիչները,
5․ ի վերջո անցնել արևային էներգիայի օգտագործմանը։
Ըստ ՀՀ կառավարության «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» մինչև 2030 թ. ՀՀ-ում կսահմանվեն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է բարձրացնել էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը, Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
Eco.am
Թողնել մեկնաբանություն