Վերջին օրերին բնապահպանները և Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնող համաքաղաքացիները ահազանգում էին, որ կապուտակ Սևանն այլև վերածվել է կանաչ ու մամռոտ լճի, որից գարշահոտ է բուրում։
Վերոնշյալ ահազանգին արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու տվել հետևյալ պարզաբանումը, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
1․ ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,
2․ Ջրի բարձր ջերմաստիճան,
3․ Լույսի բավականին մեծ ինտենսիվություն
4․ Լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։
Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։
Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
1․ կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր` այդ թվում ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը,
2․գյուղատնտեսություն և անասնապահություն,
3․ջրածածկ բուսական տարածքներ,
4․ ցանցավանդակային ձկնաբուծություն,
5․ կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր,
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտենսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր․
1․Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում
2․ Ձկնապաշարի համալրում
3․ Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում
4․ Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
(Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)
5․ Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում
6․ Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ
7․ Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում
8․ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի իրականացման արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել են հետևյալ 5 արդյունքների գրանցումը՝
1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում,
2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում
3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում
Թողնել մեկնաբանություն