Երկրի օրվան ընդառաջ, ապրիլի 20-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, տնկվեցին 40 արևմտյան թույա տեսակի ծառեր և 1500 թուփ հասմիկ։ Ծառատունկը նախաձեռնել էր «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն էր «Երկրի օր» գլոբալ բնապահպանական միջոցառմանն ընդառաջ կենդանի ցանկապատ ստեղծել «Զվարթնոց»-ի տարածքում։
Ծառատունկի ընթացքում իրենց անվանական ծառերը տնկեցին Հայաստանում ԱՄՆ-ի, Չեխիայի, Արգենտինայի և ԵՄ դեսպանները։ Ի դեպ, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան ծառատունկին մասնակցում էր կնոջ և երկու որդիների հետ։ Իրենց անվանական ծառերը տնկեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Eco.am սոցիալական հարթակի տնօրեն, հաղորդավար, երգահան Կարեն Գրիգորյանը, հաղորդավար Ժակը, թառահար Միքայել Ոսկանյանը և այլ հանրային ու հասարակական գործիչներ։
«Երկիր մոլորակի օրը մենք նշում ենք Հայաստանի կարևորագույն հնավայրերից մեկում՝ «Զվարթնոց»-ի տաճարի տարածքում, որտեղ, ի դեպ, առաջին անգամ եմ այցելում և շատ տպավորված եմ»,- իր ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիննը։
«Ինչպես գիտեք, ապրելի 22-ին Երկիր մոլորակի օրը, բնապահպաններն իրենց կարևոր ներդրումն են ունենում բնապահպանական հարցերի բարձրաձայնման և պահպանման առումով՝ երկիր մոլորակի ապագան հանուն բոլորիս երաշխավորելու համար։ Այս նախաձեռնությունը լավ առիթ է ևս մեկ անգամ ի ցույց դնել կանաչապատման կարևորությունը՝ տնտեսական ինքնաբավության և կայունության առումով»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
«Պատմամշակութային վայրերում, դպրոցների, մանկապարտեզների ու հիվանդանոցների տարածքներում մենք հաճախ ենք նման ծրագրեր իրականացնում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը նույնպես Էյ Թի Փի»-ի կողմից կանաչապատված վայրերից է»,- բացման խոսքում նշեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանը և հավելեց, որ այս տարի բարեգործական հիմնադրամը նշում է 30-ամյակը․ «Այս 30 տարիների ընթացքում մենք ոչ միայն բնապահպանական այլ նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել»,- ընդգծեց հիմնադրամի տնօրենը։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ծառատունկը զուգորդվում էր ազգային երգ ու պարով։ Նախաձեռնությունը սակայն չսահմանափակվեց միայն ծառատունկով, ընթացքում տեղի ունեցան նաև բնության և արվեստի համադրմամբ ստեղծված ձեռագործ աշխատանքների ցուցահանդես և վարպետության դասեր։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն