Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ ինչպես Սևանի, այնպես էլ Վանաձորի բուսաբանական այգիները համարվում են Երևանի բուսաբանական այգու բաժանմունքները։
Բուսաբանության ինստիտուտի Վանաձորի բուսաբանական այգին հիմնադրվել է 1936 թվականին, Վանաձոր գետի գեղատեսիլ կիրճում` 12 հա մակերեսով, 1400-1450 մ բարձրության վրա։
Գոյության ավելի քան 80 տարիների ընթացքում ստեղծվել է արժեքավոր ծառաբույսերի հարուստ հավաքածու՝ շուրջ 590 տեսակ, որոնք պատկանում են 140 ցեղի և 47 ընտանիքի։
Վանաձորի բուսաբանական այգին աչքի է ընկնում հատկապես ասեղնատերևավորների հարուստ բազմազանությամբ՝ Մայրի, Եղևնի, Կենի, Խեժափիճի, Գետնանոճի, Մետասեքվոյա, Սեքվոյադենդրոն և այլ: Վերջինս համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ և երկարակյաց ծառատեսակներից մեկը, որը Հայաստանում հանդիպում է միայն Վանաձորի բուսաբանական այգում և Ստեփանավանի դենդրոպարկում:
Այգում աճում է նաև ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակները՝ Արջատխլենի և Կենի հատապտղային:
Վանաձորի բուսաբանական այգին գտնվելով լեռնային անտառային գոտում, աչքի է ընկնում բազմաթիվ հազվագյուտ, արժեքավոր և բարձր գեղազարդ բույսերով, որի շնորհիվ այն դարձել է Վանաձոր քաղաքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների ու հյուրերի սիրելի հանգստի վայրը։
Թողնել մեկնաբանություն