Բույս խնամելը չի հարցնում ո՛չ սեռ, ո՛չ տարիք, ո՛չ էլ մասնագիտություն․ Օ2 Gardens-ի նոր ֆոտոշարքը

https://eco.am/%d5%a2%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ac%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d5%9b%d5%b9-%d5%bd%d5%a5%d5%bc-%d5%b8%d5%9b%d5%b9-%d5%bf/

Բույսերի հանդեպ հոգատարությունը հոգու գեղեցկության և բարձր արժեհամակարգի արտացոլանքն է։ Այն ապացույցն է մարդու և բնության միջև ներդաշնակության, շրջակա միջավայրի նկատմամբ մեծ սիրո և պատասխանատվության։ Սա ևս մեկ քայլ է՝ մոտ լինելու բնությանը և արժևորելու կյանքը։

Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Օ2 Gardens-ի նախաձեռնած նոր ֆոտոշարքը, որն այս անգամ ևս նվիրված է բույս խնամելու գեղեցկությունն ու կարևորությունն ընդգծելուն: Բույս խնամելը չի հարցնում ո՛չ սեռ և ո՛չ էլ տարիք։ Տարբեր մասնագիտություններ ունեցող տղամարդիկ փաստում են՝ բույսերն իրենց կյանքի կարևոր մասնիկն են, նոր շունչը։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ բույսերի մասին հոգ տանելը գեղեցիկ է և բացահայտում է մարդկային ամենաարժեքավոր հատկանիշները։

«Այն ժամանակ, երբ քաղաքում կանաչն ավելի շատ էր, ես էլ փոքր էի, հաճախ վայրի ծաղիկներից փնջեր էի հավաքում և մորս ու քույրերիս նվիրում։ Մեր ընտանիքում  ոչ մեկը բույսերի նկատմամբ անտարբեր չէ։ Մայրս մանուշակների մեծ սիրահար է, դրա տարբեր տեսակներն ունի, իսկ տատիկս մինչև օրս իր սեփական ծաղկի սրահն ունի։ Երևի նրանց շնորհիվ է, որ բնության հետ միշտ այսքան ներդաշնակ եմ եղել։ Այն ինձ օգնում է մտքերս հավաքել, խաղաղվել ու ստեղծագործել։ Դե իսկ բեմին ելույթներից հետո հողով ծաղիկ ստանալն իմ ամենասիրելի նվերներից է։

Դեռ մանկուց իմ ամենասիրելի ծաղիկը երիցուկն է եղել։ Միշտ հիանում էի դրա պարզությամբ, երբեմն էլ պոկում նուրբ թերթիկներն ու մտքումս պարբերաբար կրկնում՝ «սիրում է, չի սիրում»։ Միայն թե հիմա թերթիկները պոկելու փոխարեն ուղղակի հիանում եմ (ծիծաղում է,- հեղ․)։ Բույսերը շատ զգացմունքային են, նրանք զգում են ամեն ինչ և համապատասխան սիրո և ջերմության դեպքում են միայն աճում ու ծաղկում։ Բույսերն էլ մարդկանց պես կապվել գիտեն։ Շատ եմ ուզում ավոկադոյի և կիտրոնի ծառեր աճեցնել, բայց դա կանեմ միայն մշտական բնակության վայրս որոշելուց հետո։ Այդպես կկարողանամ նրանց ժամանակ, սեր ու ջերմություն նվիրել։

Անհնար է չսիրել բնությունը։ Քանի դեռ մենք հարուստ բուսականություն ունենք, այն պահել ու փայփայել է պետք։ Չէ՞ որ բնությունն է ապահովում մեր առողջությունն ու ներքին խաղաղությունը»,- ասում է պարուսույց Մանուկ Օհանյանը։

«Մեր ընտանիքում բոլորը բույսերի մեծ սիրահար են։ Ես էլ մեծացել եմ սեփական տանը, որն ունի իր բակը, այգին՝ շատ ծառերով ու հարուստ բուսականությամբ։ Անգամ իմ անունով ծառ ունեմ․ երբ նոր էի ծնվել, ծնողներս այն ինձ համար էին տնկել։ Իմ սերը բնության նկատմամբ իր խորը արմատներն ունի (ծիծաղում է,- հեղ․):

Փոքր ժամանակ սպորտով էի զբաղվում։ Այնտեղ մենք տույա ունեինք, որից մի փոքր ճյուղ բերել էի տուն ու ջրի մեջ դրել։ Որոշ ժամանակ անց այն արմատակալեց, այժմ էլ մեր այգում է, իմ և ընտանիքիս հատուկ խնամքի ու հոգատարության ներքո։ Ինքս ունեմ նաև խոլորձ և ջրաշուշան։ Ճիշտ է, ցանկացած բույս իր տեսակի մեջ գեղեցիկ է, բայց այդ երկուսն իմ ամենսիրելիներն են։

Բույսերը շատ նման են մարդկանց և գուցե շատերից էլ ավելի հասկացող են։ Ամեն մեկը կարծես իր «բնավորությունն» ունի։ Դրանք երբեմն քմահաճ են, պետք է իրենց հետ հետ ճիշտ լեզու գտնես, և սա ինձ շատ է դուր գալիս։ Բույսերը վանում են ցանկացած բացասական էներգիա, միջավայրը դարձնում ավելի ներդաշնակ։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր սենյակում պետք է կանաչ անկյուն լինի։ Ես էլ ստուդիայում իմ կանաչ անկյունն ունեմ, որն ինձ ստեղծագործելիս միշտ ոգեշնչում է»,- անկեղծանում է դիջեյ Գոռ Սերոբյանը (DJ Dark)։

«Մանկուց ծովերի ու օվկիանոսների մեծ սիրահար եմ եղել, իսկ առաջին անգամ Բրազիլիան տեսնելուց հետո բացահայտեցի, որ վայրի բնությունը ևս իմ տարերքն է։ Ես այնքան էի դրանով տպավորվել, որ երազում էի ապրել մի վայրում, որտեղ ամեն օր կարթնանայի էկզոտիկ բնության տեսարանով՝ կանաչի տարբեր երանգներով, խիտ թփերով, ծառերից կախված լիաններով ու «տարօրինակ» բույսերով։

Բալին ինձ ստիպեց երկրորդ անգամ «սիրահարվել» բնությանը։ Այստեղ շուրջս և՛ օվկիանոսն էր, և՛ վայրի բնությունը․ ինձ համար ամենագեղեցիկ համադրությունն է։ Այնքան տարվեցի բուսականությամբ, որ այնտեղից վերադառնալուց հետո գնեցի իմ առաջին բույսը՝ մտածելով, որ այն վայրի կալա է, այն ինչ ավելի ուշ պարզեցի, որ անթուրիում էր (տղամարդու երջանկություն)։ Սա առաջին բույսն էր, որի մասին ինքս սկսեցի հոգ տանել։ Այժմ ունեմ նաև սպատիֆիլում (կանանց երջանկություն) և ավոկադոյի մի քանի ծառ․ մեծ ոգևորությամբ սպասում եմ առաջին պտուղներին։

Օրս ես սկսում եմ բույսերս ջրելով և շանս կերակրելով, հետո գնում աշխատանքի։ Հետաքրքիր է, որ երբ գործուղվում եմ մարզեր, ավելի նյարդային եմ արթնանում, քանի որ օրս այլ կերպ է սկսվում, նրանք էլ ինձ հետ չեն լինում։ Բույսերի դերը մեր կյանքում անփոխարինելի է, նրաք մեզ հոգևոր հանգստություն են տալիս։ Որպես մանկական ռեանիմատոլոգ՝ ես կարծում եմ, որ երեխաներին կենդանիներից բացի պետք է նաև բույսեր նվիրել, հետո սովորեցնել՝ ինչպես դրանք ճիշտ խնամել․ սա անշահախնդիր սիրո լավագույն օրինակն է»,-ասում է մանկական ռեանիմատոլոգ Վահրամ Գաբրիելյանը։

«Ես նմանություն եմ տեսնում իմ և բուսաբանի աշխատանքում։ Երկուսիս գործունեության հիմքում էլ խնամքն է․ մի դեպքում մարդկանց, մյուս դեպքում՝ բույսերի։ Ինչպես մազերն են կտրվածքից հետո սնուցվում ու ավելի առողջ տեսք ստանում, այնպես էլ բույսերը՝ դառնում ավելի փարթամ ու գեղեցիկ։

Ուժը բնությունը սիրելու և պահպանելու ձգտման մեջ է։ Այն ավելի է ընդգծվում, երբ խնամքի կարիք ունեցողներին արժանի ուշադրություն ես հատկացնում։ Անհնար է ապրել առանց բնության, որտեղից ես իմ ուժն ու էներգիան եմ ստանում։

Ինձ ճանաչողները գիտեն, որ ինքս էլ իմ այգին ունեմ, որտեղ տարատեսակ ծառեր ու բույսեր եմ մշակում։ Այդ միջավայրում ես խաղաղվում ու լիցքավորում եմ»,- անկեղծանում է բարբեր Կարո Աբաչյանը։

Ամեն շաբաթ ես իմ սենյակը նոր բույսով եմ համալրում․ գերագույն հաճույք եմ ստանում, երբ դրանցով եմ շրջապատված։ Բույսերի հետ ես իմ շփման լեզուն ունեմ։ Որպես լուսանկարիչ՝ սիրում եմ աշխարհը վիզուալ տեսանկյունից ուսումնասիրել։ Ինձ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ճիշտ խնամքի արդյունքում դրանք փոփոխվում, նոր շունչ ստանում, և հենց այդ ընթացքում էլ նկատել ու ֆիքսել ամենագեղեցիկ պահերը։

Ես կարծում եմ, որ էսթետ եմ․ սիրում եմ ամեն ինչում գեղեցիկը նկատել։ Ճիշտ է, գեղեցիկի սահմանները յուրաքանչյուրիս համար տարբեր են, բայց ես այն գտնում եմ նաև բույսերի մեջ։ Բույսերի ու մինիմալիզմի համադրությունն իմ տարերքն է, ոգեշնչման աղբյուրը, որով առաջնորդվում եմ իմ աշխատանքում։

Բույսերն ասես փոքր երեխաներ լինեն, որոնց մասին անընդհատ պետք է հոգ տանել, նրանցով զբաղվել, «մեծացնել»։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում էներգիան ճիշտ սպառելու և էներգիայի նոր պաշար ստանալու կարիք ունի։ Շատերիս համար բույսերը դրան հասնելու լավագույն տարբերակն են»,- ասում է լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով