Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%b7/

Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ զեկույցը մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։

Միջոցառմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, շահագրգիռ գերատեսչություններից և միջազգային կառույցներից ներկայացուցիչներ։

«Անտառները կազմում են մեր երկրի 11 տոկոսը, և ակնհայտ է, որ այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար։ Անտառածածկ տարածքի ավելացումը ինքնանպատակ չէ, այն  ռազմավարական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Անտառի պահպանումն ու օգտագործումը պետք է առանձնացվեն իրարից, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը։ ՀՀ կառավարությունը գիտակցում է ոլորտի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը և ձեռնարկում համապատասխան քայլեր, ի դեմս ռազմավարության մշակման և ոլորտային համագործակցային ծրագրերի իրականացման։ Յուրաքանչյուր ծրագիր, որ հիմնված է տվյալների վերլուծության վրա և ներառում է մասնակցային խորհրդակցություններ լայն շրջանակի հետ, հաջողություն հասնելու հավակնություն ունի։ Ողջունում եմ մեր տեղական և միջազգային գործընկերներին և հաջողություն մաղթում իրականացման փուլում»,-միջոցառմանը ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը

«Հայաստանը կանգնած է եզակի մարտահրավերի առջև, քանի որ անտառներով աղքատ երկիր է։ Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը որպես հնարավորություն և միավորենք ուժերը երկրի լանդշաֆտի վերականգնման ներուժի իրացման համար։ Անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական, քաղաքական և գիտելիքի բացի հետ կապված խոչընդոտները: Համաշխարհային բանկը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ՝ լուծելու բոլոր երեք խոչընդոտները ոչ միայն ոլորտային գիտելիք և փորձառություն ապահաովլեով, ինչպիսին է այս զեկույցը, այլև համապատասխան ներդրումներով և քաղաքականության մշակման աջակցությամբ»,- Միջոցառմանը ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Զեկույցում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմում, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։ Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է փորձագետների պանելային քննարկումը, որին մասնակցեցին հրավիրված խոսնակներ Շրջակա միջավայրի նախարարությունից, Հայաստանի անտառային դաշինքից, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։

Հանդիպումը Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության կողմից շարունակվող համատեղ ջանքերի մի մասն էր՝ երկրի կայուն զարգացման նպատակներին և դեպի կանաչ տնտեսության անցմանն աջակցելուն ուղղված: Երկրի կլիմայի և զարգացման  զեկույցը, որը Հայաստանի հետ համատեղ ներկայումս մշակվում է ՀԲ-ի կողմից, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը և Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը  համատեղ ջանքերից են՝ ուղղված կանաչ տնտեսության անցման խթանմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության խթանմանը։

Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ և երկիրը դիրքավորել որպես բնապահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջատար երկիր:

ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ և ազգային ու միջազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խորհրդակցության արդյունքում մշակված «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» գնահատում է լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները Հայաստանի անտառտնտեսության ոլորտում և ներկայացնում ոլորտի ներուժը: Օրինակ, միջին հաշվով յուրաքանչյուր հեկտար անտառը տարեկան կարող է տրամադրել 417 դոլար ընդհանուր արժեք՝ մի շարք էկոհամակարգային ծառայությունների մատուցումից (կամ տարեկան 138 միլիոն դոլար):

Զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը լանդշաֆտի և անտառների վերականգնման միջոցով ապահովել կայուն տնտեսական գործունեություն և ստեղծել աշխատատեղեր և ապրուստի միջոցներ գյուղական համայնքներում:

Իր հարուստ կենսաբազմազանությամբ հայտնի Հայաստանը եզակի մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ անտառներով աղքատ երկիր է, որի տարածքի միայն 11․2 տոկոսն է ծածկված անտառներով, որոնք կենտրոնացած են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում: Գերակշռում է բնական աճեցված, լայնատերեւ լեռնային անտառը՝ սոճու անտառի փոքր տարածքով: Զեկույցն ընդգծում է երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանն էապես օժանդակելու տեսանկյունից ՀՀ անտառտնտեսության ոլորտի ներուժը։

Հիմնական հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում զեկույցում, ներառում են անտառների դեգրադացիայի դրդապատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները և անտառների կայուն կառավարման կարևորության մասին հանրային իրազեկվածության բացակայությունը: Զեկույցում տեղ են գտել առաջարկություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու անտառային լանդշաֆտի վերականգնմանը, մասնավորապես առաջնահերթությունը տրվում է.

1․ լանդշաֆտի վերականգնման ազգային ռազմավարության պաշտոնական ձևակերպմանն ու ընդունմանը

2․ անտառների մշտադիտարկման համապարփակ ազգային համակարգի ստեղծմանը

3․ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:

Ի լրումն վերոնշյալի, կարևորվում է էներգետիկ խնդիրների լուծումը, որպեսզի մասնավորապես գյուղական շրջաններում, որտեղ առկա է վառելիքային աղքատությունը, նվազեցվի անտառներից կախվածությունը՝ որպես ջեռուցման վառելիքի աղբյուր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով